Ավազային ցլիկաձուկ
Ավազային ցլիկաձուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Neogobius fluviatilis
Pallas, 1814
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ավազային ցլիկաձուկ (լատին․՝ Neogobius fluviatilis), ցլիկաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1979-ին։ Ներկայումս լայնորեն տարածված է Արարատյան դաշտի բոլոր գետերում, ջրանցքներում, լճակներում։ Վարում է մերձհատակային կենսաձև։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 12-14 (երբեմն՝ մինչև 20) սմ է։ Գլուխը մեծ է՝ վերից վար թեթևակի սեղմված։ Բերանի կտրվածքը լայն է և գրեթե հորիզոնական։ Դունչը սուր է, ստորին ծնոտը մի փոքր երկար է վերինից։ Ծնոտները զինված են մանր ատամներով, որոնք վերին ծնոտի վրա դասավորված են 3-4, ստորինի վրա՝ 4 շարքով։ Շրթունքները բարակ են։ Պոչային լողակը կորաեզր է։
Մարմնի վրա թեփուկները մանր են, ատամնաեգր՝ 58-70 երկայնական շարքով։ Թեփուկներ կան խռիկային կափարիչի վերին մասում և ծոծրակին։ Փորիկի, կոկորդի և կողագծային թեփուկները բացակայում են։ Մեջքային լողակները երկուսն են. առաջինն ունի 5-6 փշաձև, երկրորդը՝ 1 փշաձև և 17-18 ճյուղավորված ճառագայթներ։ Փորային լողակները սերտաճած են, որոնց հիմքը գտնվում է կրծքային լողակների հիմքից մի փոքր առաջ։ Հետնալողակում կա 12-17 ճառագայթ։
Մարմնի ընդհանուր գունավորումը բաց մոխրագույն է կամ դեղնամոխրագույն։ Կողքերի միջին մասը պատված է 9-11 բավական խոշոր գորշ բծերով։ Մեջքին և կողքերի վերին մասերում ավելի մանր գորշ պտերն առաջացնում են ցանցաձև պատկեր։ Կրծքային լողակի հիմքի մոտ կա երկարավուն մուգ բիծ։ Մեջքային և պոչային լողակները պատված են մանր գորշ պտերի կանոնավոր շարքերով։ Արուները բազմացման շրջանում ունեն թավշասև կամ մուգ մոխրագույն գունավորում՝ կենտ լողակների դեղնավուն եզրագծով։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է՝ սև բծերով։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանակեր է. հիմնականում սնվում է ջրային իշուկներով, մանր ձկներով, միջատների ջրային թրթուրներով։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեռահասուն է դառնում 1 տարեկանում՝ մարմնի 5, 5-6 սմ երկարության դեպքում։ Բազմացման շրջանը սկսվում է ձմռան վերջից և որոշակի ընդմիջումներով շարունակվում մինչև ամռան սկիզբը։ Էգը ձվադրում է 3-5 անգամ։ Այդ ընթացքում արուն, որը չափերով 1, 5-3 անգամ գերազանցում է էգին, բներ է կառուցում ջրակալների հատակին կամ դրանց զառիթափ ափերին։ Այդ բներում էգը դնում է մոտ 2 մմ երկարությունը մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար ձկնկիթ, դրանք արուն պահպանում և խնամում է մինչև մանրաձկների դուրս գալը։
Արտադրական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է վնասել այլ ձկնատեսակների՝ սնվելով նրանց մանրաձկներով։ ՀՀ ջրակալներում նկատվում է գլխաքանակի կտրուկ աճ և տարածման արեալի ընդարձակում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազային ցլիկաձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազային ցլիկաձուկ» հոդվածին։ |
|